Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Սա մի օր պիտի ասեի

Սա մի օր պիտի ասեի
24.04.2023 | 10:05

5 տարի առաջ ես ևս մի պահ դուխով էի ու վստահ էի, որ վերջին պահին «համաժողովրդական հեղափոխությանը» միանալը, ջրով թե առանց ջրի՝ լավագույն քաղաքական լուծումն է՝ տարբեր կալիբրի անարդարություններից, ջեբկիր որոշ օլիգարխներից, մի քանի գող պաշտոնյաներից ու նրանց կոֆե եփող հաբռգած եվնուխներից երկիրը մաքրելու համար։

5 տարի առաջ այս օրերին ես անկեղծորեն հավատում էի, որ էլ չեն լինելու հանուն սեփական գյուղապետի գեղամիջյան իմիջի՝ ընտրաթերթիկը դոշով կեղծած դասատուներ ու կաշառքով պեչատ խփող կադաստրի ուռոդներ։

5 տարի առաջ ինձ համար էնքան բնական էր, որ ունենք անվտանգ Հայաստան ու Արցախ, էնքան բնական էր, որ Արցախը հայկական է ու վերջ, որ անգամ էն ժամանակ, երբ Նիկոլը արեց հայտարարություն, ինչով ազդարարեց տեռորի ու բռնության սկիզբը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», չհասկացա ու չհասկացանք, որ սա աղետի զանգն էր՝ Ջոն Դոնի ասած՝ զանգ, որը ղողանջելու է ամենքիս համար։

5 տարի առաջ ունեինք Արցախ։

ՈՒնեինք Հայաստան, որ ինչպես հիմա՝ ամեն օր շագրենի կաշվի նման չի պակասում։

ՈՒնեինք պինդ ողնաշարով բանակ։

ՈՒնեինք Հադրութ ու Շուշի։

ՈՒնեինք միջազգային հեղինակություն, որից 5 տարում սարքեցին աշխարհաքաղաքական սեղանները մաքրելու ջնջոց։

ՈՒ 5 տարի առաջ ողջ էին հազարավոր մեր որդիները, որոնց աչքերի մեջ վերջին անգամ դաջվեց մահվան Բայրաքթարը։

Ես ավելի մեղավոր եմ, քան էն հարյուր հազարավորները, որոնք սպասում էին իրեն այլևս Մեսիա հռչակածի՝ «նախկինների թալանի «ատկատ» օպերացիային ու հունական ագորաների արդար դատերին»։

Ես ամաչում եմ այս նկարի համար։

Որովհետև այս հինգ տարվա դժոխքի մեջ ես ունեմ մեղքի իմ բաժինը։

ՈՒ հեչ կարևոր չի, որ իմ մեղքը մի հյուլեի չափ էր, երևի։

Որովհետև, երբ հինգ տարում ողնաշար ունեցող Հայաստանից ու Արցախից սարքում են հաշմանդամասայլակին գամված հիվանդ, որի ապրելու օրերը կալկուլյատորով արդեն հաշվում են բոլորը, մեղքի շատ ու քիչ, մեծ ու պուճուր չի լինում։

Այս օրերին, հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները։

Իսկ դա ինքնասպանություններից ամենազազրելին է։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3989

Մեկնաբանություններ